Համաշխարհային մանկավարժության մեջ նախագծերի մեթոդը նոր երևույթ չէ : Նախագծերի մեթոդը կարևոր տեղ է զբաղեցնում ուսուցման ժամանակակից մեթոդների շարքում, այն սովորողներին հնարավորություն է տալիս դրսևորելու ինքնուրույնություն իրենց գործունեության ընթացքում: Նախագծային մեթոդը կարևորվում է նաև նրանով, որ ուսուցումը կազմակերպվում է սովորողների նպատակային աշխատանքի միջոցով: Տեսանելի է, որ նախագիծ մշակող և իրականացող սովորողները կարողանում են աշխատել խմբում, համագործակցել ընկերների հետ, կոնկրետ այս կամ այն խնդիրը լուծելու համար կիրառել իրենց ձեռք բերած գիտելիքները: Ուսուցման ավանդական մեթոդները չեն կարող ապահովել ուսման բարձր որակ և կարողությունների զարգացում: Դասավանդողներն այսօր ուսուցման մեթոդների ընտրության մեծ հնարավորություններ ունեն: Սովորողների հետ իրականացնում եմ նախագիծ՝ հայերեն-անգլերեն մասնագիտական բառարան Արհեստների ավագ դպրոցի սովորողների համար: Նպատակն է սովորողների հետ ստեղծել բառարան՝ դպրոցում գործող արհեստների վերաբերյալ: Նախագծի իրականացման համար ես ընտրել եմ ուսուցման համագործակցային մեթոդը, քանի որ, ես կարծում եմ այն ավելի արդյունավետ է Արհեստագործական ավագ դպրոցում կիրառելու համար: Անհատական նեթբուքերով համալրված դասարանները շատ ավելի հարմար են ուսման ժամանակակից եղանակներ կիրառելու համար, քան ավանդական դասասենյակները: Պատշաճ կերպով կազմակերպված ուսուցման և աշխատանքային պայմաններում համագործակցային ճանաչողական գործընթաց կազմակերպելու համար անհրաժեշտ է ունենալ անհատական նոթբուք կամ նեթբուք։ Խմբային աշխատանքը սովորողներին հնարավորություն է տալիս իրենց գիտելիքներն ու փորձը փոխանակել դասընկերների հետ, այն մեծացնում է սովորողների ակտիվությունը:
Ընտրվեցին 10-11-րդ դասարանների սովորողները: Հենց սկզբում ձևավորվեցին խմբեր, որոնք ունեն միատարր կառուցվածք, միևնույն խմբի մեջ ներառված աշակերտներին տրվեց նույն առաջադրանքը։ Առաջադրանքը կատարելու համար անհրաժեշտ է, որ խմբի անդամները համագործակցեն միմյանց հետ, և խմբում ընդգրկվեցին 3–5 աշակերտ։ Խմբերի ձևավորման այս եղանակը հատկապես հարմար է շնորհալի երեխաների հետ աշխատանքի համար կամ այնպիսի իրավիճակներում, երբ անհրաժեշտ է, որ որոշ աշակերտներ առաջադիմության առումով հետ չմնան իրենց դասընկերներից։ Կատարվեց աշխատանքի բաժանում սովորողների մեջ՝ ըստ արհեստների: Օրինակ, խոհարար սովորողների մի խմբի հանձնարարվեց համացանցից գտնել մրգերի անգլերեն անվանումները, մյուս խմբին հանձնարարվեց գտնել արտահայտություններ այդ բառերով: Երրորդ խմբին հանձնարարվեց համախմբել կատարված աշխատանքները: Պետք է տեսնել սովորողների ակտիվությունը՝ ինքնուրույն հետազոտական աշխատանք կատարելիս, մասնագիտական արհեստանոցներում գործիքները նկարահանելիս, , անհրաժեշտ տեղեկություններ հայթայթելիս: Աշխատանքի արդյունքը և սովորողների ակտիվությունն ու հետաքրքրությունը վկայում են, որ նախագծային մեթոդը օգտակար է և արդյունավետ: