Օտար լեզուն՝ մասնագիտական կրթության համատեքստում

1904074_288811584616715_1986234730_n

Հայերեն-անգլերեն մասնագիտական էլեկտրոնային, նկարազարդ բառարաններ

Մասնագիտական կրթություն իրականացնող արհեստագործական ուսումնական հաստատություններում հանրակրթական առարկաների դասավանդումը պետք է որոշակի առանձնահատկություններ ունենա։ Դրանք հանրակրթական խնդիրներին զուգահեռ պետք է ծառայեն նաև մասնագիտական կրթության որակի բարձրացմանը։

Մասնավորապես օտար լեզվի ուսուցումը մասնագիտական ուսումնական հաստատություններում պետք է նպատակաուղղված լինի

օտար լեզվով հաղորդակցական կարողությունների զարգացմանը,
մասնագիտական թեմաներով և մասնագիտական ոլորտում օտար լեզվով շփման, հաղորդակցման հմտությունների ձևավորմանը։
Այսինքն՝ մասնագիտական կրթության ոլորտում օտար լեզուների ուսուցումը առօրյա հաղորդակցական խնդիրներից բացի պետք է լուծի նաև օտար լեզուներով մասնագիտական հաղորդակցության կարողությունների ձևավորման հարցը։ Բացի այդ, շատ կարևոր է, որ ապագա մասնագետները կարողանան օգտվել նաև օտարալեզու մասնագիտական գրականությունից։

Մասնագիտական անգլերենի իմացությունը ենթադրում է նախ և առաջ մասնագիտական բառապաշարի ձևավորում։

Անգլերենով շփվելու, ինչպես նաև մասնագիտական ոլորտում հաղորդակցական որոշակի խնդիրներ լուծելու համար անհրաժեշտ է յուրացնել տարաբնույթ և հատկապես տվյալ մասնագիտական դաշտին բնորոշ բառապաշար, երկխոսություններ և մենախոսություններ: Մասնագիտական կրթության բնագավառում անգլերենի ուսուցումը զուգակցվում է մասնագիտական անգլերենի ուսուցմամբ: Իսկ սա նշանակում է համագործակցություն և ինտեգրված ուսուցում մասնագիտական, արհեստագործական առարկաների հետ։

Այս տարի որպես ուսումնական առաջին նախագիծ որոշեցինք ստեղծել կրթահամալիրում գործող արհեստների ոլորտի մասնագիտական տերմինների բառարան:

Արդեն պատրաստ է և օգտագործում ենք վարսահարդարների մասնագիտական բառարանի առաջին մասը, որտեղ ընդգրկված են այդ մասնագիտությանը վերաբերող բառապաշարի անգլերեն-հայերեն թարգմանությունները: Սովորողներն արդեն տիրապետում են վարսահարդարման ոլորտի որոշակի անգլերեն բառապաշարի։ Իսկ այժմ աշխատում ենք բառարանի երկրորդ մասի վրա, որտեղ տեղ կգտնեն վարսահարդարման մասնագիտությանն առնչվող արտահայտություններ և երկխոսություններ։ Երկխոսությունները կառուցում ենք՝ օգտագործելով մասնագիտական շփման ոլորտի բնորոշ արտահայտություններ և մասնագիտական բառապաշար: Բառարանը լինելու է էլեկտրոնային, ունենալու է նաև բառը, արտահայտությունը կամ երկխոսությունները լսելու հնարավորություն։ Սովորողները սիրով են կատարում ձայնագրությունները և ձևավորման աշխատանքները:

Պատրաստ է նաև «Հագուստի մոդելավորում» բաժնի մասնագիտական բառարանը: Բառարանում տեղ են գտել ամենակարևոր և օգտագործվող բառերը: Մեր բառարանը նաև նկարազարդ է. բառերն ու արտահայտություններն ուղեկցվում են առարկաները, երևույթները, գործողություններն արտացոլող նկարներով։ Բոլոր նկարներն արված են կարի լաբորատորիայում հենց իրենց՝ սովորողների կողմից, իրենց պարապմունքների ընթացքում:

Բառապաշարի ուսուցումը սովորողը չի ավարտում որոշակի բառապաշար ձեռքբերելով, այն. շարունակական գործընթաց է:

Գործնական, կիրառական անգլերենի ուսուցումը հնարավորություն է տալիս սովորողներին շփվելու իրենց ընկերների հետ, կատարելու մտքերի փոխանակում մասնագիտական հարցերի շուրջ, ինչպես նաև իրականացնելու զանազան հետազոտական աշխատանքներ: Այլալեզու հաղորդակցական կարողությունները (ունկնդրել, խոսել, կարդալ և գրել) ծառայում են նաև որպես միջոց՝ գիտելիքների տարբեր բնագավառներից տեղեկություններ քաղելու համար:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s