Խաչիկ գյուղ

 

d5add5a1d5b9d5abd5af

Խաչիկ գյուղը ՀՀ դարպասներից մեկն է, երեք կողմերից՝ հարավ-արևելյան, հարավային և արևմտյան, սահմանակից է Նախիջևան և համարվում  է ռազմավարական  նշանակություն ունեցող գյուղ:

Խաչիկը  գտնվում է Վայոց ձորի մարզում` Եղեգնաձորից 40 կիլոմետր դեպի արևմուտք` ծովի մակարդակից 1800-1900մ. բարձրության վրա՝  բարձր լեռնային գոտում:

Գյուղն ունի մեկ դպրոց, բուժարան և մշակույթի կենտրոն, ինչպես նաև տեղակայված է զորամաս և մի հրաշք կառույց որն անվանւմ են Աշտարակ, որը գտնվում է Խաչիկ գյուղի հարավ արևմտյան մասում:

Բնակչությունն ու վանքերը

Տարածքում լավ աճում են ընկույզ, խաղող, խնձոր, սալոր, հացահատիկային կուլտուրաներ: Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ: Գյուղն ունի 9-րդ դարից պահպանված կիսաքանդ վանք՝ Քարակոփ կամ Խոտակերաց անվանմամբ: Գյուղի ներսում կա նաև Սուրբ Աստվածածին  եկեղեցի, որի գմբեթը ավերվել է երկրաշարժից և ըստ ներսի սյան վրա կատարված գրառումների կառուցվել է 1888թ.:

1828թ., երբ Արևելյան Հայաստանը միանում է Ռուսաստանին, տարբեր տեղի հայեր գալիս և բնակվում են Խաչիկում։ 1896 թվականի մարդահամարով գյուղն ունեցել է 320 ծուխ և 1350 բնակիչ։ Քսաներորդ դարի դարասկզբին գյուղն ունեցել է շուրջ 290 ծուխ, 1300 բնակչով (ըստ 1896թ. մարդահամարի), վերջնականապես ձևավորվել են նրա սահմանները՝ 800 քկմ։ 1918-20 թթ. համատարած սովն ու հիվանդությունը(տիֆ, խոլերա) մասսայաբար գերեզման է տանում շատ ու շատ գյուղացիների։ Կրկնվող երաշտը, ճանապարհների փակ լինելը, արոտավայրերի պակասը ստեղծում են ծանր կացություն։

Գյուղի առաջին կառույցը եղել է ցեխից պատրաստած մի բերդ՝ այսօրվա Ժամի արևմտյան կողմում։ Նրան կից կառուցվել է անշուք եկեղեցի։ Հետագայում՝ 1888թ. այդ նույն եկեղեցու փլատակների վրա կառուցվել է այսօրվա եկեղեցին։ Մինչև 1960թ. գյուղում չի եղել ոչ մի տանիքապատ տուն։ Հիմնականում տափակ կտուրներով, չորս սյուների վրա գլխատներ էին։

Խաչիկ գյուղի շրջապատում կան մի քանի գյուղատեղեր, որոնք աստիճանաբար մաքրվում-հերկվում են և անհետանում: Դրանցից մեկը գտնվում է գյուղի և Քարկոփի վանքի արանքում, որոտեղ կան գերեզմանող և խաչքար, այդտեղ է և ձիթահանքի մնացորդը, որի քարի վրա մնացել է Կուկեցի վարպետի արձանագրությունը: Քարկոփի վանքին մոտ մնում են մի այլ գյուղատեղի մնացորդներ, որին այժմ Ղարղաբազար են անվանում՝ թուրքերենից թարգմանաբար նշանակում է ագռավների շուկա: Այստեղ ևս կան տապանաքարեր և մի արձանագրված խաչքար՝  Սարգիս Կրոնավորի հիշատակագրությամբ: Դեպի Ամաղու տանող ճանապարհին մի ձորի մեջ է գտնվում Առնետ կոչվող գյուղատեղին, որի եզրին մնացել է Խաչիկ կրոնավորի կանգնեցրած խաչքարը:

Քարակոփի վանքի դեպի հարավ գտնվում են մի այլ գյուղատեղի ավերակները, ուր կա նաև ավերակ ջրաղաց, որի քարե նավի վրա պահպանվել է պատմագիր Ստեփանոս Օրբելյանի հիշատակագրությունը: Այս ջրաղացը հատկապես հետաքրքիր է և ուսումնասիրության կարոտ, որովհետև նախ՝ նավը շինված է քարերից, ապա, նրան աշխատեցնող ջուրը, որը մի փոքր առվակ է, քիչ է եղել և այդ պատճառով փորվել են հորեր-քյայրիզներ, որոնց ջրերը միանալով առվակի ջրին՝ աշխատեցրել են ջրաղացը: Հավանաբար, այս առանձնահատուկ և ծանր աշխատանքները կատարվել են Ստեփանոս Օրբելյան պատմագրի օժանդակությամբ, որի համար և քարի նավի վրա գրվել է նրա հիշատակագրությունը: Այժմյան գյուղատեղիից 1,5 կմ դեպի արևմուտք գտնվել է մի քար, որի վրա գրված է եղել. «Հիմնադրեցի գյուղը և այն իմ անունով կոչեցի Խաչիկ։ Հիշեցեք Խաչիկ վարդապետին»։

Հնգզարաթ

Աստվածածին։  Շատ հավանական է, որ 1604թ. Շահ Աբասի տեղահանությունից հետո կրկին հայերը վերադարձելեն։ Այդ ժամանակաշրջանում ամբողջ գյուղատեղը պարսիկները նվիրել էին վրաց թագաժառանգին։ Վերջինս բավականին կոպիտ անձնավորություն է եղել, շահագործել է առանց այն էլ սակավ հպատակներին, որոնք էլ, պայքարի որևէ ձև չիմանալով, կառուցել են Հնգզարաթը։

Պատերը շարված են կոշտ քարերով, առանց շաղախի։ Կտուրը ծածկելուց հետո քանդվել է. կրկին ծածկ են դրել, բայց իզուր։ Մինչև հիմա էլ մնում է «Հնգզարաթը ծածկ չի վերցնում» հավատալիքը։
Փաստորեն այն եղել է ուխտատեղի, որտեղ տարվա ընթացքում 3-4 անգամ ամբողջ գյուղը հավաքվել է։ Ամենաշատը հավաքվել են «կաթնով» մատուցելու օրը։

Քարակոփ կամ Խոտակերաց վանք

Հայաստանի նշանավոր վանքերից է, որի մասին կան գիտական շատ տեղեկություններ։ «Խոտակերաց» անվանումը տարբեր ձևերով են մեկնաբանում, բայց ճշմարտությունն այն է, որ վանքի համալիրի կառուցումը երկար տարիներ է տևել։ Մի քանի անգամ ավերվել է, վերաշինվել. վերջին անգամ X դարում։ Պավլիկյան շարժման ժամանակ, ըստ երևույթին, վանքի սպասավորները նույնպես յուրովի ապստամբել են և գնացել քարայրեր, որտեղ էլ սնվել են խոտերով։ Վանքը վերանորոգելուց հետո Սյունյաց Տիկին Շուշանիկը հրավիրում է նրանց և առաջարկում նորաստեղծ պայմաններում շարունակել ծառայել Աստծուն։ Այստեղից էլ առաջացել է Խոտակերաց վանքի անունը:

«Քարակոփ» վանքն ունեցել է կից կառույցներ, որոնց հետքերը կան։ Նրանք կառուցված են շրջապատի անտաշ քարերից, որից էլ ստացվել է անունը։ Վանքն ունեցել է ճորտեր և հող։ Դեռ պահպանվում է Հարթավայրում (Դույզ) Քարկոփահանդ կոչվող հսկայատարածք հողակտորը։ Վանքին կից եղել է ձիթահան, ջրաղաց։ Վերջինս գտնվելիս է եղել աղբյուրից 200մ. ներքև: Հետքերը դեռ կան։ Ջրաղացն աշխատել է քահրիզներից դուրս եկող ջրով և Շռանի տակից եկող ջրով։

XIII դարի սկզբին Քարակոփ է գալիս Ստեփանոս Օրբելյանը, ում պատվին կանգնեցվում  է ծառերից ներքև գտնվող Պորտախաչը։

Ժամը

Գյուղամիջում կանգնած կառույցը թվագրված է 1888 թ.։ Ժամը կառուցող վարպետը եղել է Ուստա Բադամը, որ ձմռանը Ճատեյենց օթախում տաշում էր քարը, իսկ գարնանը սկսում պատշարը։ Ժամը կառուցվել է համայնքի հաշվին։ Ծուխը երկու էշաբեռ անմշակ քար է բերել Աբազբչանակից, մեկ բեռը՝ Քարակոփի ավերված եկեղեցու քարերից։

Ժամում առաջին ծիսակատարությունը տեղի է ունեցել 1901թ.ն։

Երկար ժամանակ անհաշտ պայքար է գնացել Սաքանենց և Դումանենց տոհմերի միջև, որոնցից ամեն մեկն ուզեցել է ինքը դառնալ եկեղեցու սպասավորը՝ երկու տոհմերում էլ կային օծված քահանաներ։ Վերջին քահանան եղել է Տարսայիչ Խաչատուրի Տեր-Սիմոնյանը, ով մահացել է 1944թ.:

Եկեղեցին ունեցել է գմբեթ, զանգ, բայց 1940թ. հունվարին կայծակը շանթահարեց և փլեց։ 1960թ. թիթեղապատվել է տանիքը և վերաշինվել՝ գմբեթը, սակայն առատ ձյան սահքից այն նորից քանդվել է։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s