Նախագիծ՝ «Ուսումնասիրում ենք հայկական գինեգործության պատմությունը»
Երբ Նոյ նահապետը ջրհեղեղից հետո ոտք է դրել ցամաքին, ծնկի է իջել. խուրջինից հանե լէ խաղողի վազի մի փոքրիկ ընձյուղ և տնկել այն Արարատի ստորոտում…
Պայծառ Հարությունյանի թարգմանությունը կարդացեք «Ընթերցասրահ» ամսագրում:
Այսօր այցելեցինք Վաղարշապատի հայտնի խաղողագործ Նահապետ Աթանյանի խաղողի այգի: Մեր այցելությունը կրթահամալիրում «Խաղողագործություն և գինեգործություն» նոր մասնագիտության քայլ – աշխատանք էր: Սովորողները ծանոթացան խաղողագործությանը, խաղողագործի հմտություններին՝ մշակում, տնկում, էտում:
Վաղարշապատում մեզ դիմավորեց այգեգործ-խաղողագործ Նահապետ Աթանյանը, ում հետ զրույցի ընթացքում պարզվեց, որ նա մեր սեբաստացի սովորող Արմեն Աթանյանի պապն է: Նախ նշեմ, որ սեբաստացի պապը մեզ դիմավորեց սիրով, ժպիտով և հողի մշակին վայել հյուրասիրությամբ: Սկզբում հավաքվեցինք ընկուզենու տակ դրված սեղանի շուրջ, ծանոթացանք, ներկայացրեցինք մեր այցի նպատակը ու ջերմ-ջերմ զրույցի բռնվեցինք՝ լսելով այգեգործ-խաղողագործ-մանկավարժի հետաքրքիր պատմությունները, թե ինչպես մանկավարժը դարձավ այգեգործ-խաղողագործ:
Երկար զրույցից հետո Նահապետ պապը մեզ ուղեկցեց խաղողի այգի, ծանոթացրեց խաղողի տարբեր տեսակների հետ, պատմեց յուրաքանչյուր տեսակի առանձնահատկության, պահանջների, համ ու հոտի, նույնիսկ բնավորության մասին: Այնքան սիրով էր պատմում, կարծես զրուցում էր խաղողի վազի, այլ ոչ թե մեզ հետ: