Թուրքիայի Տրապիզոնի Օրթահիսար շրջանի հայկական Սուրբ Ամենափրկիչ վանքը նահանգում մնացած միակ կանգուն հայկական սրբատեղին է, որն այժմ գտնվում է փլուզման եզրին: Տրապիզոնում նախկինում շուրջ 200 հայկական եկեղեցիներ ու վանքեր են եղել, որոնցից և ոչ մեկն այսօր արդեն կանգուն չէ: Որոշ վանքեր էլ հայտնվել են անհատ անձանց սեփականացված կալվածքների տարածքում:«Ամենափրկիչ» վանքից դուրս բավականին շատ հայկական խաչքարեր էլ են գտնվում։ Ամենափրկիչը կառուցվել է 1424 թվականին Ստեփան Բաղդասարի կողմից: Այս վանքը մեծ է եղել, այժմ ընդամենը մի շենքն է մնացել: Վանքը վերանորոգվել է 16-րդ դարում: Վանական համալիրը բաղկացած է եղել եկեղեցուց, զանգակատնից և մատուռից, որը գտնվում էր վանքի հյուսիս-արևելքում: Ըստ արձանագրության` վերանորոգման աշխատանքների ժամանակ գմբեթից ներքև է ընկել մի բանվոր, որը, սակայն, ոչ մի վնասվածք չի ստացել, դրա համար էլ վանքին տվել են «Ամենափրկիչ» անունը:
Վանքի մասին է պատմում թուրքագետ Ռաֆայել Սահակյանը: