Հարժիս

10513519_1505535566346211_6346903820570370902_n

839 թ. Հարժիսը հիշվում է Սյունյաց եպիսկոպոս Դավթի կալվածագրում՝ իբրև Տաթևի վանքին հարկատու գյուղ։ Հարժիսը մեծ գյուղ է եղել Եռաբլրի սարահարթում՝ Գորիսից Երևան տանող մայրուղուց 6 կմ հարավ։ Գյուղը արևելքից, հյուսիսից և արևմուտքից շրջապատված է հրաբխային բլուրներով և սարերով՝ Հալիձորի թափա(բլուր), Մեծ թափա, Կայծակի հարվածած (Կայծակ թխած), Շինուհայրի թափա, Քար թափա, Չոբան թափա, Շիշ թափա, Խութիսի թափա։ Գյուղից Որոտանի ձորը տանող միակ ճանապարհը ժայռի արևմտյան եզրով իջնող, հիմնականում ոտքով անցանելի ուղին է։ Գյուղացիներն զբաղվել են անասնապահությամբ և դաշտավարությամբ։ Ակտիվ առևտուր են արել Նախիջևան, Արցախ, Գարդման տանող՝ աղի նշանավոր ճանապարհով անցնողների հետ այդ ճանապարհին կառուցված քարավանատան (Կոտրած քարվանսարա) միջոցով։ Ճիշտ նման քարավանատուն կա նաև Վարդենյաց լեռնանցքում, բարվոք վիճակում։

Հարժիսից արևելք գտնվող ձորի (հեղհեղատի) ձախ կողմում հետագայում բնակություն են հաստատել թուրքերը, որոնք գարնան և ամռան ամիսներին իրենց ոչխարի հոտերով գալիս էին այդտեղ՝ սարահարթի առատ բուսականությունից օգտվելու, իսկ ձմռանն իջնում էին Որոտանի ձորը։ Սարահարթում նրանց ապրելու տարածքը կոչվում է Վերին Քիրդեր (Վերին Քուրդլար), իսկ Որոտանի կիրճում նրանց բնակավայրը կոչվում է Ներքին Քիրդեր (Ներքին Քուրդլար)։ Այստեղ «Քիրդեր» բառը կապ չունի «քուրդ» բառի հետ։ Այս ձորում Որոտանի վրայի կամուրջը անվանում են Քրդիկի կամուրջ, որը կառուցել է Սյունյաց Քուրդ իշխանը ութերորդ դարում։ Կամրջից քիչ հեռու Ալան թագավորի պալատի ավերակներն են, որտեղ մի կոտորած եկեղեցի կա, մեջը՝ տապանաքար՝ «Գեղեցկատիպ և ծաղկափթիթ Ալան….,1324»։

Վերին Քիրդերում ապրող թուրքերը աչք ունեին Հարժիսի վրա, բայց վախենում էին նրա քաջ գյուղապետից։ Մի օր երեկոյան նրան հրավիրում են հյուրասիրության, հարբեցնում և քնեցնում են իրենց մոտ։ Առավոտյան գյուղապետը դուրս է գալիս տնից, նայում Հարժիսի կողմը և տեսնում հրդեհված գյուղ, ծխացող տներ։ Գյուղապետը տեղում մահանում է սրտի կաթվածից։ Գյուղից փրկվում է միայն մի աղջիկ, որը հետագայում բնակություն է հաստատում Կապանի Հալիձոր գյուղում, և մի տղա երեխա, որին թուրքերը վաճառել էին Նախիջևանում և, որի հետքերով գնալով, Տաթևի վանքի մի հոգևորական գտնում և հետ է վերադարձնում։ Հոգևորականը տղային բերում է Տաթևի վանք։ Երեխայի անունը Ղուկաս էր։ Ղուկասը հասունանում է։ Վանքում մտածում են նրան կուսակրոն դարձնել, բայց նրան Նախիջևանից բերած հոգևորականը չի համաձայնում. -Սրա հայրենական գյուղը ամայի է, ավեր։ Սրանով կենդանացնենք գյուղը։ Սակայն նրան Հարժիսի տարածք՝ սարահարթ չեն տանում։ Ուղղաձիգ ժայռի ստորոտին կառուցում են եկեղեցի (Սուրբ Մինաս) և քարակոփ մի տուն (Համբու ղաբը) ։ Ղուկասին ամուսնացնում են տաթևացի մի աղջկա հետ, բնակեցնում այդտեղ։ Հիմնվում է նոր գյուղ՝ Յայջի անունով։ Գյուղը չէր երևում ոչ սարահարթից, ոչ էլ Որոտան գետի ափով անցնող ճանապարհից։ Դա մի բնական թաքստոց էր՝ ժամանակի հրամայականով։ Յայջին ձևավորվել է 18-րդ դարի երկրորդ կեսին՝ մոտավորապես 1770-1780 թվականներին։ 1931 թվականի երկրաշարժից ավերվել է Յայջին՝ բարեբախտաբար առանց մարդկային զոհերի։ Սովետական կառավարության օգնությամբ գյուղացիները տեղափոխվել են սարահարթ՝ նախկին Հարժիս գյուղի տարածքը, դարձյալ Յայջի անունով, բայց արդեն անվտանգ, մինչև հորիզոնը ձգվող տարածքով։ Պլանային հատակագիծ են կազմում, կառուցում բարաքներ, որոշ թվով ընտանիքների տեղավորում, բայց առանց գոմի և մարագի։ Այդ պատճառով էլ գյողացիների հետագա կառուցումների արդյունքում խախտվում է հատակագիծը։ 1968 թ. գյուղը վերանվանվել է Հարժիս։

Բնակչություն` 831

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 90 կմ,
Համայնքի կենտրոնի hեռավորությունը Գորիս քաղաքից՝ 24 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1700 մ,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Հարժիս։

Հարժիսը (նախկինում՝ Յայջի) Սյունիքի մարզի հնագույն բնակավայրերից է։ Այդ են վկայում գյուղում և շրջակայքում գտնվող քարայրերը, դամբարադաշտերը (մ.թ.ա. 1-ին հազարամյակ), գյուղատեղիները (10-18 դդ), եկեղեցիները, ամրոցը (10-18 դդ), հին կամուրջը (13-րդ դար) և բազմաթիվ խաչքարերով գերեզմանոցը։
Հարժիս գյուղի մոտակայքում է գտնվում 1343թ. կառուցված Հարժիսի (Յայջիի) քարավանատունը, որը միջնադարյան Հայաստանի նմանատիպ նշանավոր կառույցներից է։

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
– անասնապահությունը,
– դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 175 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
– խոշոր եղջերավոր անասուններ` 775գլուխ,
– մանր եղջերավոր անասուններ` 1639 գլուխ,
– խոզեր` – գլուխ,
– մեղվաընտանիքներ` 539:
Համայնքում 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 540 հա աշնանացան:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 5630 հա, այդ թվում`
– Գյուղատնտեսական նշանակության հողեր` 5337 հա, որից`
– վարելահող` 1154 հա, արոտ` 2218 հա, այլ հողատեսք`1966 հա
– բնակավայրերի հողեր` 62 հա,
– արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 4 հա
– էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`6 հա
– հատուկ պահպանվող տարածքների հողեր` 55 հա,
– անտառային հողեր` 159 հա, որից անտառածածկ` 159 հա
– ջրային հողեր` 6 հա

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s