
Աշխարհի ամենաքնքուշ երաժշտական գործիքը՝ ջութակը, հրաշքներ է գործում, երբ հայտնվում է իսկական վարպետի ձեռքին: Ջութակի նվագը կարող է կախարդել և ապշեցնել լսողին, իսկ այդ հրաշալի երաժշտությունը ստեղծող արվեստագետին՝ դարձնել ամենաերջանիկ կամ ամենադժբախտ մարդը:
Ջութակի ամենամեծ վարպետներից մեկի՝ Նիկոլո Պագանինիի կյանքն էլ անչափ հարուստ է զարմանալի և միաժամանակ ողբերգական իրադարձություններով: Պագանինին առասպել էր դեռ իր կենդանության օրոք: Եվ ամենից առաջ նա զարմացնում էր իր արտաքին տեսքով: Պագանինին սարսափելի նիհար ու գունատ էր և ուներ անչափ բարակ ու երկար ձեռքի մատներ: Դրանք ասես կրկնակի երկար էին սովորական մարդու ձեռքերի մատներից:
Տարիներ անց բժիշկները բացահայտեցին Մարֆանի հիվանդությունը, որը ենթադրում է այս բոլոր արտաքին նշանները՝ գունատությունն ու նիհարությունը, երկար ու բարակ մատները, և վստահեցրին, որ Պագանինին նույնպես ունեցել է այս հիվանդությունը: Սակայն նրա հզոր տաղանդն, իհարկե, չէր կարող պայմանավորված լինել միայն այս արտաքին հատկանիշներով և այլ բանում էր թաքնված:
Մարդկանց մի մասը վստահ էր, որ Պագանինին գործարքի մեջ է սատանայի հետ, մյուսներն էլ նրան հրեշտակ էին համարում. սովորական մահկանացուները չեն կարող լինել այսքան տաղանդավոր, վստահ էին նրանք: Պագանինիի՝ ջութակի համար գրված ստեղծագործություններն աշխարհի ամենադժվար երաժշտական գործերից են, դրանք շատ հաճախ չեն կարողանում նվագել անգամ ամենատաղանդավոր երաժիշտները: Իսկ նրա 24 կապրիսները մինչև այսօր համարվում են այն բարձունքը, որին ձգտում են վիրտուոզ-ջութակահարները: Սակայն ինքը՝ Պագանինին, նվագում էր դրանք զարմանալի թեթևությամբ: Հանդիսատեսին թվում էր, թե ինչ-որ տեղ թաքնված է երկրորդ ջութակը և նվագում է նրա հետ միաժամանակ:
Երկրորդ Նիկոլո Պագանինի աշխարհում դեռ չի ծնվել: Իսկ միակ և անկրկնելի Նիկոլոն ծնվել է 1782 թականին Իտալիայի Ջենովա քաղաքում, մի սովորական վաճառականի ընտանիքում, ով, սակայն, շատ էր սիրում երաժշտություն և վստահ էր, որ իր տղան պետք է աշխարհահռչակ երաժիշտ դառնա: Միայն թե նա Նիկոլոյին անդադար ստիպում էր պարապել՝ զրկելով բոլոր մանկական հետաքրքրություններից ու խաղերից: Հաճախ փակում էր նրան սենյակում և դուրս չէր թողնում, մինչև տղայի նվագը չէր գոհացնում իրեն: Ասում են, որ մի անգամ Պագանինիի մայրիկին երազում հրեշտակ է այցելում ու հարցնում, թե ինչ կցանկանար իր համար: Մայրը հրեշտակին խնդրում է օգնել իր տղային հաջողության հասնել, որպեսզի դաժան հայրը այլևս չտանջի նրան:
Իր առաջին համերգը Պագանինին տվեց 11 տարեկանում և հանրահայտ ստեղծագործությունների հետ կատարեց նաև իր առաջին հեղինակային գործերը: Շուտով նրա անունը հանրահայտ դարձավ: Եվրոպացի ջութակահարները գալիս էին մրցելու նրա հետ, բայց Պագանինին անգերազանցելի էր մնում: Նա ոչ միայն ջութակ էր հրաշալի նվագում, այլև կիթառ: