Հետաքրքիր էր մեր հանդիպումը «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր, «Իմ ֆռռիկը» ապրանքանիշի համահեղինակ և Շիրակի մարզի տուրիզմի զարգացման և հետազոտական կենտրոնի համակարգող Արսեն Վարդանյանի հետ: Տեղեկացանք, որ հայկական ավանդական հոլով ու ինտելեկտուալ զարգացնող Տեյմորտակ խաղով կարող ենք մրցել մեր վարպետությամբ քաղաքի ցանկացած անկյունում:
Ժամանակին հոլը կամ, ինչպես գյումրեցին է ասում, «ֆռիկը» տղաների սիրած զբաղմունքն էր: Գյումրեցի մի քանի երիտասարդներ օրերից մի օր որոշեցին «ֆռիկին» երկրորդ կյանք տալ։ Նրանք դիմեցին գյումրեցի արհեստավորներին, որոնք սկսեցին «ֆռիկներ» պատրաստել, իսկ նոր շունչ ու որակ տալու համար տեղի արվեստագետներն էլ դրանք զարդարեցին տարբեր նախշերով: Ստացվեցին գեղեցիկ ու արտասովոր «ֆռիկներ», որոնք այսօր նույնիսկ որպես հուշանվեր են վաճառում: Սակայն նպատակը միայն տեղի արհեստավորներին ու արվեստագետներին աջակցելը չէր, այլ ամենակարևորը՝ երեխաներին բակ վերադարձնելը:
Մեր խնդրանքով Արսենը նաև մեզ ցույց տվեց հոլ պտտելու հմտությունները: