Հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ, որի կարիքն ըստ իս յուրաքանչյուրս ունի:
Առցանց ուսուցման այս շրջանում հունիսի 1-ից կազմակերպվում են մանկավարժական աշխատողների հանդիպումներ կրթահամալիրի տնօրենի հետ։
Հունիսի երկուսին հանդիպման մասնակիցներից էի նաև ես: Հանդիպումը կայացավ Microsoft Teams հարթակում՝ Քոլեջի այնքան ինձ հարազատ ներքին այգուց։
Տիարի ներածական խոսքից հետո սկսվեց մեզ հետ զրույցը՝ անկեղծ, անկաշկանդ:
Քննարկեցինք աշխատանքային տարբեր հարցեր` ինքնուրույնության, Բանգլադեշյան պլեների, հետագա անելիքների հետ կապված:
Հանդիպմանը պատրաստվելիս մեկ տարվա անցած ճանապարհս վերհիշեցի: Ուշադրությամբ լսեցի բոլոր դիտարկումները, հարցադրումների շնորհիվ վերագնահատեցի ամբողջ արած աշխատանքս։
2019-2020 ուսումնական տարին փոփոխությունների տարի էր ինձ համար։ Սկսեցի դասավանդել Միջին դպրոցում՝ հետևաբար իրականացնելիք անելիքները շատ և հետաքրքիր էին։ Կյանքը անընդհատ պահանջում է փոփոխություններ, և այդ փոփոխությունների արդյունքում էլ «ԱՐՏբզզան»-ը փոխվեց ու դարձավ «Սարալանջ» ռադիո: Հեռավար անցանց ուսուցման ընթացքում «Սարալանջ» ռադիոն ընդարձակեց իր հեռարձակման սահմանները: Այսուհետ կարող ենք ոչ միայն ունկնդրել, այլև դիտել «Սարալանջ»-ին:
Կրթահամալիրի գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ տարբեր օղակների միջև պատեր չկան, ստեղծված է ընդհանուր կրթական միջավայր: Եվ հենց դա էլ ինձ օգնեց անցում կատարելու Քոլեջից Միջին դպրոց:
Շատ կարևոր էր, որ հավաքի ժամանակ անդրադարձանք նոր ուսումնական տարվա անելիքներին: Մենք իրականում չենք էլ ընդհատում ուսումնական գործընթացը, այլ ապահովում ենք աշակերտի սովորելու իրավունքի շարունակականությունը:
Վստահ եմ, հուլիս – օգոստոս ամիսներին մեր աշխատանքը ավելի բուռն ու ստեղծագործական կլինի: