«Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգի» հետ ծանոթանալուց, կարդալուց հետո ակամայից հիշեցի Ջոն Դյուիի խոսքերը «Կրթության նոր բովանդակության անընդհատ փնտրտուք պետք է իրականացնել»: Այդ փնտրտուք իրականացնողը ստեղծագործող ուսուցիչն է, ում ոչ թե պետք է ստուգելով նվաստացնել, այլ թույլ տալ ստեղծագործել` խրախուսելով:
Առավել անհեթեթ է ֆինանսական միջամտությունը առանց այն էլ ցածր աշխատավարձով աշխատող ուսուցչին: Չեմ կարծում որ ուսուցիչը պետք է մասնակցի այս ատեստավորմանը, որպեսզի իր աշխատավարձը բարձրանա: Սա նաև նվաստացուցիչ է և արվում է ամեն ինչ, որպեսզի ուսուցիչը հայտնվի անելանելի իրադրության մեջ:
Այսօրվա սովորողը երեկվանը չէ, առավել զարգացած է, առավել պահանջկոտ ու ստեղծագործ: Կրթության ոլորտը նույնպես վաղուց փոփոխվել է, պահանջները այլ են դարձել, և ստեղծված իրավիճակում ուսուցչին ինքնակրթման մղելու, մասնագիտական, մանկավարժական զարգացմանը, ուղղված սեմինարներ, հավաքներ կազմակերպելու փոխարեն հրամցվում է թեստ, որտեղ ուսուցիչը դիմորդի կարգավիճակում է հայտնվում: ԿԳՄՍ նախարարությունը պետք է հասկանա թե ինչպիսի ուսուցչի կարիք ունի:
Ատեստավորման այս ձևի կարիքը ստեղծագործող ուսուցչին հարկավոր չէ և համոզված եմ որևէ բարեփոխման միտում չունի :Կարծում եմ ավելի առաջնային է պատշաճ մակարդակի բերել ուսուցչի աշխատավարձն առանց նախապայմանների։
Ի՞նչ եմ առաջարկում:
Կարծում եմ՝ պետք չէ ստուգել ուսուցչին, պետք է օգնել նրան, հաճախակի կազմակերպել վերապատրաստումներ, մանկավարժական հավաքներ: Լավ մասնագետ լինելու համար պետք է անընդհատ սովորել, անընդհատ ինքնակրթվել, ոչ թե թեստ հանձնել: