Հետազոտական աշխատանք

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

«Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները» բաժին

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Թեմա՝  Բլոգ. անհատակենտրոն ուսուցման հարթակ

Կատարող՝  Անահիտ Մելքոնյան

Դասավանդած առարկան՝  անգլերեն

Խորհրդատու՝  Լուսինե Փաշայան

2022

Բովանդակություն

Ներածություն ………………………………………………………………………………….…… 3

1-ին բաժին՝ Ուսուցչի առաքելությունը.………………………………………………………….5

2-րդ բաժին՝ Բլոգ. մասնագիտական զարգացման հարթակ………………………………7

3-րդ բաժին՝ Բլոգային ուսուցում…………………………………………………………..……..11

4-րդ բաժին՝ Բլոգային ուսուցման առավելությունները………………………………………13

Եզրակացություն, առաջարկություններ ………………………………………………..………19

Օգտագործված էլեկտրոնային և տպագիր գրականության ցանկ ……………………….20

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Մարդկային կապիտալը Հայաստանի մրցունակության գլխավոր գործոններից մեկն է, իսկ հանրակրթությունը նման արդյունավետ և մրցունակ կապիտալ ստեղծելու հիմքն ու նախապայմանն է:

21-րդ դարում, որը նաև երբեմն «տեղեկատվական դար» են կոչում, երբ ցանկացած տեղեկություն սրընթաց հնանում է երբեմն նույնիսկ մի քանի ժամում, հնարավոր չէ միայն մասնագիտական կրթության դիպլոմով ապահովել որակյալ աշխատանքային հմտությունները։ Խնդիրը հնարավոր է լուծել միայն շարունակական կրթությամբ, ինքնակրթությամբ, ողջ կյանքում սովորելով։

Կրթության նոր հարացույցի ձևավորումը, նպատակների և խնդիրների փոփոխությունը միտված են ապահովելու ուսուցչի մասնագիտական կրթության որակի բարձրացումը, ինչն էլ հնարավորություն կտա նորամուծություններին հարմարվելու և ստեղծագործական մոտեցում ցուցաբերելու:

Այս տեսանկյունից առաջնային են դառնում մանկավարժական տարբեր մեթոդների կիրառումը, որոնք հնարավորություն կտան նաև սկսնակ ուսուցիչներին ինքնավստահություն ձեռք բերելու:

Ժամանակակից կրթությունն ուղղված է սովորողների ինքնուրույն մտածողության, նախաձեռնողականության, անկաշկանդ արտահայտվելու, սեփական կարծիք ձևավորելու և այն հիմնավորելու հմտության, ինքնուրույնության զարգացմանը, ինչն էլ պետք է ապահովի մրցունակ մասնագետների ի հայտ գալը:

Կրթության բնագավառում ինքնուրույն մտածողության ձևավորողը և գործունեության արդյունքների կանխատեսողը ուսուցիչն է: Կրթական համակարգի բարեփոխումները նախ և առաջ միտված են հանրակրթական համակարգի զարգացմանը և դպրոցներում ուսուցման-ուսումնառության որակի բարելավմանը:

Նպատակին հասնելու ամենաարդյունավետ ուղիներից մեկը սեփական ուսումնառության պատասխանատվության փոխանցումն է կրթական գործընթացի յուրաքանչյուր մասնակցի. թե՛ ուսուցչին, թե՛ սովորողին։  Այդ տեսանկյունից շատ արդյունավետ, այսօր գրեթե անփոխարինելի գործիք է ուսումնական բլոգը, որը առցանց ուսուցման արդյունավետ գործիք է:

Դպրոցական կայքը և ուսումնական բլոգները հնարավորություն են տալիս

  • հանրակրթական հաստատություններին՝ փակ համակարգից անցում կատարել դեպի բաց համակարգ
  • դասավանդողին և սովորողին՝ բովանդակության սպառողից դառնալ բովանդակության ստեղծող,
  • Ուսումնական բլոգի օգնությամբ իրական ու շոշափելի է դառնում անհատականացված ուսուցումը:

Հետազոտական աշխատանքի նպատակն է ուսումնասիրել բլոգային մշակույթի հիմնական գործառույթները, վերլուծել ուսումնական բլոգի առանձնահատկությունները և դերը որպես ուսուցման-ուսումնառության արդյունավետ գործիք՝ ներկայացնելով այն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գործունեության լույսի ներքո։

  1. Ուսուցչի առաքելությունը

Յուրաքանչյուր ուսուցիչ ինքն իրեն պետք է հարցնի, թե որո՞նք են իր ուժեղ և թույլ կողմերը, իր կողմից ծրագրված որ գործողություններն են հաջող կամ անհաջող, ավելի ճշգրիտ՝ ի՞նչը պետք է բարելավվի իր մանկավարժական պրակտիկայում և ինչպե՞ս:

Սեփական փորձի անկողմնակալ և ինքնաքննադատական վերլուծությամբ և գնահատմամբ է միայն հնարավոր նպատակաուղղված մասնագիտական առաջընթացը: Ուսուցիչը, որը ցանկանում է լինել հաջողակ, համապատասխանել կրթության ժամանակակից պահանջներին և մարտահրավերներին, պետք է պատասխանատվություն ստանձնի սեփական անձի համար, հոգ տանի սեփական մասնագիտական գիտելիքի թարմացման և գործնական ունակությունների բարելավման մասին, ինչը նվաճվում է ինքնագնահատման և ինքնազարգացման ճկուն մեխանիզմի կազմակերպմամբ:

Արդյունավետ է, երբ նա կատարում է սեփական փորձի ինքնագնահատում, վերլուծում է ինքնագնահատման արդյունքները և ինքնակշռադատության հիման վրա, ելնելով անհատական կարիքներից, նախանշում է մասնագիտական զարգացման ուղին:

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը սահմանում է ուսուցիչների  մասնագիտական  զարգացման 3 հիմնական  միջոց՝

1. վերապատրաստում

2. ատեստավորում

3. որակավորման տարակարգի շնորհում

Այսօր շատ է խոսվում ուսուցչի վարպետության, մասնագիտական որակների, կարողունակություն (կոմպետենցիա) հասկացության  մասին, որը  խիստ  բազմաբնույթ  է։  Շատ  կարևոր  են և՛  վերապատրաստումը,  և՛  ատեստավորումը, և՛ տարակարգի  շնորհումը,  բայց  ուսուցիչը  վարպետության հասնում է տարիների  տքնաջան  աշխատանքի  շնորհիվ,  յուրաքանչյուր  օրվա  ինքնավերլուծության  արդյունքում: Ինչ

արեց, ինչը չստացվեց, ինչը  պետք է  փոխել, ինչը՝  կատարելագործել:  Ինքնավերլուծության  արդյունքում թերությունները  շտկելու  համար  նա  պետք է  ինքնակրթվի։

Ուսուցիչը կարող է ստեղծագործել դասի  ժամանակ, ազատ  է  դասը  վարելու  ձևի  և  մեթոդների  ընտրության  հարցում:

Կրթությունը, ուսուցման մեթոդաբանությունը, վերջին հաշվով, պատասխանում են երեք հիմնական հարցի՝ ի՞նչ, ինչո՞ւ, ինչպե՞ս։

Ի՞նչը կրթության բովանդակությունն է, Սա սահմանվում է պետական կրթա­կան չափորոշիչնե­րով, ուսումնական ծրագրերով, դասագրքերով։ Ուսուցիչը կարող է ինքնուրույնություն լինել՝ պատրաստելով լրացուցիչ ուսումնական նյութեր՝ իր կոնկրետ աշակերտների հետաքրքրություններին ու կարիքները բավարարելու համար։

Ինչո՞ւ-ն կրթության նպատակն է, որը հիմնականում սահման­վում է է պետական կրթական չափորոշիչնե­րով, ուսումնական ծրագրերով։ Այստեղ նույնպես ուսուցիչը կարող է ինքնուրույն լինել՝ սահմանելով չափորոշիչներին և իր կոնկրետ աշակերտների հետաքրքրություններին համապատասխան լրացուցիչ կոնկրետ նպատակներ։

Ինչպե՞ս-ը դասավանդման մեթոդներն են։
Ուսուցիչն ինքն է ընտրում ինչպե՞ս դասավանդել՝ հասնելու համար նպատակներին համապատասխան բովանդակության յուրացմանը։

  • Բլոգ. մասնագիտական զարգացման ինքնադրսևորման
    և ինքնակատարելագործման հարթակ

Բլոգ-ը (blog, web log), իրադարձությունների ցանցային մատյան կամ օրագիր է, կայք, որի հիմնական բովանդակությունը պարբերաբար թարմացվող գրառումներ են, որոնք պարունակում են տեքստ, պատկերներ կամ մուլտիմեդիա։ Ավանդական օրագրերից բլոգը տարբերվում է նրանով, որ, սովորաբար, հասարակական է և նախատեսում է կողմնակի ընթերցողներ, որոնք կարող են հրապարակային բանավեճի մեջ մտնել հեղինակի հետ` բլոգային գրառմանն արած մեկնաբանությունների, կամ սեփական բլոգային գրառումների միջոցով։

Կենդանի ամսագրի բլոգերների՝ 2005 թվականին իրականացրած հարցման արդյունքում  առանձնացվել են բոլգների հետևյալ գործառույթները.

Հաղորդակցական

Հաղրդակցական գործառույթը հիշատակվում է ամենից հաճախ։ Բլոգերների մեծ մասը բլոգը վարում կամ կարդում են իրենց հետաքրքիր մարդկանց հետ շփվելու համար։ Առաջին հերթին սա հնարավորություն է ասել մի բան մեկ անգամ այնպես, որ այն լսեն շատերը։ Ի՞նչ իմաստ ունի պատմել տաս, քսան, երեսուն ծանոթին քաղաքամերձ այգի այցելության մասին, եթե դա կարելի է նկարագրել սեփական բլոգում՝ զարդարելով լուսանկարներով։ Ամեն մեկը կկարդա դրա մասին իր համար հարմար ժամանակ կամ ընդհանրապես չի կարդա, եթե իրեն չի հետաքրքրում։

Ինքնաներկայացման
Կան բլոգներ, որոնց հեղինակները ներկայացնում են իրենց ստեղծագործությունները (բանաստեղծություններ, լուսանկարներ, արձակ գրվածքներ, նկարներ) քննարկման և հրամարակման համար, սակայն սովորական օրագիրն էլ, անկասկած, իր մեջ կրում է հեղինակի մասին անձնական տեղեկատվություն։ «Վարում եմ օրագիր, որպեսզի ինձ կարդան»,-այսպես կարող են ասել շատ բլոգերներ։

Զվարճանքի

Շատ մարդիկ նախընտրում են վարել, կարդալ բլոգներ և մեկնաբանություններ որպես ժամանց և զվարճանք, հատկապես, եթե ինչ-որ պատճառով սահմանափակված են ժամանցի այլ միջոցները, բացի համացանցից, և ունեն բավականին ազատ ժամանակ, օրինակ՝ երիտասարդ մայրերը բլոգերների համայնքի զգալի մասն են կազմում, նրանք միշտ նյութ ունեն տեղադրելու իրենց բլոգում, նրանք ունենում են շատ հարցեր, որոնցով կարող են դիմել ուրիշներին և այլն։ Բլոգներն իրենցից ներկայացնում են զվարճալի ընթերցանության անսպառ աղբյուր։

Մեմուարների/Հուշապատումների

Ինչպես և ավանդական թղթե օրագիրը, բլոգը կարող է կրել մեմուարների ֆունկցիան, ինչ-որ նշումների տեղեր, որոնք կարող են պետք լինել ապագայում, կյանքի այս կամ այն իրադարձության մանրամասների մասին հիշեցման եղանակ։ Այս բլոգերները օրագիրը վարում են իրենց իսկ համար, որպեսզի հետո կարդան, մտապահեն այն, ինչն ուզում են հիշել։

Ինքնազարգացման

Բլոգը հնարավորություն է տալիս մասնակիցների ստեղծել Ես-ի նոր կերպար, հնարավոր է այնպիսին, ինչպիսին հեղինակը ձգտում է լինել։ Ոմանք էլ նշում են, որ օրագրի հայտնությունը ստիպում է իրենց շարունակել վարել, ինչպես նաև ստիպում է սովորել ավելի գրագետ շարադրել մտքերը, ինչն օգնում է իրենց ավելի լավ հասկանալ իրադարձությունները։

Բլոգները տարբերակվում են

Ըստ հեղինակների

  • Անձնական բլոգ – վարվում է մեկ անձի (հեղինակի) կողմից
  • «Ուրվական» բլոգ – վարվում է անհայտ անձի կողմից, մեկ այլ անձի անունից
  • Կոլեկտիվ կամ սոցիալական բլոգ – վարվում է մի խումբ մարդկանց կողմից՝ բլոգի տիրոջ կամ մոդերատորների կողմից որոշված կանոններով
  • Կորպորատիվ բլոգ – վարվում է մեկ կազմակերպության անդամների կողմից

Ըստ բովանդակության տեսակի

  • Տեքստային բլոգ – հիմնականում պարունակում է տեքստեր
  • Ֆոտոբլոգ – հիմնականում պարունակում է լուսանկարներ
  • Երաժշտական բլոգ – հիմնականում պարունակում է երգեր
  • Պոդկաստինգ կամ բլոգկաստինգ – հիմնական պարունակությունը կազմում են ձայնագրիչի միջոցով ձայնագրված ձայնային հաղորդագրությունները
  • Վիդեոբլոգ – հիմնականում պարունակում է տեսանյութեր

Ըստ բովանդակության առանձնահատկության

  • Կոնտենտային բլոգ – բլոգ, որտեղ հրապարակվում են հեղինակային նյութեր
  • Մոնիտորինգային բլոգ – բլոգ, որը հիմնականում պարունակում է հղումներ դեպի այլ կայքեր
  • Մեջբերումներով բլոգ – բլոգ, որտեղ հատվածներ են մեջբերվում այլ բլոգներից
  • Տամբլելոգ, Տամբլոգ, Տլոգ – բլոգ, որի յուրաքանչյուր գրառում ունի որոշակի ֆորմատ՝ հղում, մեջբերում, վիդեո, լուսանկար, երկխոսություն, կամ այլ
  • Սպլոգ – սպամ-բլոգ

Ըստ տեխնիկական հիմքի

  • Stand alone բլոգ – առանձին հոստինգի և “շարժիչի” վրա կառուցված բլոգ
  • Պլատֆորմային բլոգ – որևէ պլատֆորմի վրա զետեղված բլոգ (LiveJournal, WordPress, Blogger կամ այլ)
  • Մոբլոգ – բլոգ, որը վարվում է բջջային կամ շարժողական տեխ. միջոցներով

Այնուամենայնիվ հետաքրքիր է, որ այս դասակսրգումներից ոչ մեկի մեջ չի հիշատակվում ուսումնական բլոգը:

«Ուսումնական» բլոգները  համադրում են նշված գործառույթների մեծ մասը. ինքնազարգացման, հաղորդակցական, ինքնադրսևորման,

Դրանց կավելացնեի նաև հաշվետվական, գնահատման և ինքնագնահատման գործառույթները։

Կա բլոգների մասին տեղեկություն հաղորդող հատուկ ծառայություն` Technorati-ն, ըստ որի, արդեն մի քանի տասնյակ միլիոն բլոգ է բացվել: Աշխարհում, բլոգները որպես կրթության միջավայր, սկսել են կիրառել սկսած 2005թ.-ից: Առաջին ուսումնական բլոգները ստեղծել են ուսանողները: Այսօր այն առավել հաջողությամբ օգտագործում են ուսուցիչները:

Userland և Live ամսագրերը առաջինն են եղել, որոնք տեղեկություններ են հաղորդել բլոգների վերաբերյալ: Այսօր բլոգերների մեծ մասն օգտագործում է WordPress-ը և Google Blogger-ը: Այդ ծառայությունները մարդկանց թույլ են տալիս համակարգչային կոնկրետ ծրագրեր չտիրապետելու դեպքում անգամ ստեղծել նոր բլոգներ` առցանց գրառումներ իրականացնելու նպատակով:

Որպես «Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագրի հետագա զարգացում` կրթահամալիրում առաջին բլոգները սկսեցին բացվել 2011թ. հուլիս-օգոստոս ամիսներից սկսած, իսկ սովորողների դասարանական առաջին բլոգները երևացին 2012 թ. մարտ-ապրիլին: Այնուհետև բլոգավարությունը՝ որպես ուսուցման միջոց, արագորեն տարածվեց կրթահամալիրով մեկ` շրջադարձային բեկում մտցնելով և նոր գույն հաղորդելով կրթահամալիրի որդեգրած մեդիակրթությանը:

Իսկ, ահա բլոգային ուսուցումը, իրավամբ, դարձել է մեր կրթական ծրագրի անառարկելի բաղկացուցիչը: Իմ հարգարժան գործընկերոջ` Յուրա Գանջալյանի ուսումնասիրության արդյունքը` «Բլոգային ուսուցումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»  հոդվածը կարող եք ընդունել դրա անհերքելի հաստատում:

Այսօր դժվար (եթե չասեմ` անհնար) է պատկերացնել մեր կրթական առօրյան առանց բլոգների և բլոգային ուսուցման: Ավելին` այն ոչ միայն կրթական գործի կազմակերպիչ է դարձել, այլև իր ուրույն և անփոխարինելի տեղն է զբաղեցնում ինքնակրթության մեջ

  • Իսկ ինչու՞ բլոգային ուսուցում: Ի՞նչն է դրա առավելությունը
    Ուսումնական
    բլոգը առցանց ուսուցման արդյունավետ գործիք է, մանկավարժական ֆորումների, առցանց քննարկումների արդյունավետ հարթակ, հանրակրթական հաստատությունների փակ համակարգից անցում դեպի բաց համակարգ

Ուսումնական բլոգի օգնությամբ իրական ու շոշափելի է դառնում անհատականացված ուսուցումը: Դպրոցական կայքը և ուսումնական բլոգները թե՛ դասավանդողին և թե՛ սովորողին հնարավորություն են տալիս բովանդակության սպառողից դառնալ բովանդակության ստեղծող:

Սովորող-ուսուցչի բլոգով ուսուցումը գլխիվայր շուռ տվեց դարերով գոյություն ունեցող այս փակ-մեկուսի վիճակը… Բլոգային ուսուցումը՝ ուսուցչի-դաստիարակի՝ բլոգով ուսուցումը, սովորողի՝ երրորդ դասարանից սկսած՝ մինչև ավարտական դասարան, բլոգների պարտադիր գործածումը, նախագծային ուսուցումը՝ խմբային, նախագծերի իրագործման շուրջ ազատ հավաքված տարատարիք սովորողների-ուսուցիչների բլոգները նոր վիճակ ստեղծեցին կրթության մեջ…

Սովորողը ուսումնական տարվա սկզբում ձևակերպում և իր բլոգում հրապարակում է իր նախագծերը։ Կան նախագծեր, որոնք գործում են մի քանի տարի, երբեմն մի խմբից հայտնվում են մյուս խմբի հետաքրքրության կենտրոնում:

Ուսուցիչն իր ուսումնական բլոգում ներառում է բոլոր հրապարակված նախագծերի հղումները: Նախագիծ են ներկայացնում ոչ միայն սովորողների խմբերը, այլև անհատները: Խումբը, անհատը ստեղծում են իրենց նախագծի ներկայացման վիրտուալ տարածքը՝ նախագծի բլոգը, որտեղ ներկայացվում են նախագծի իրականացման արդյունքները:

Այդպիսի տարածք կարող է դառնալ և՛ սովորողի ուսումնական բլոգի առանձին բաժինը, և՛ այգ գործունեության համար առանձին բացված բլոգը: Նախագծերն ընդգրկում են բանավոր և գրավոր խոսքի ամենատարբեր ձևերը`թարգմանություն, մտքերի, խոհերի, զգացողությունների շարադրանք, ռադիո-հաղորդումներ, գրական ընթերցումներ  և այլն:

Սովորողները, բացի իրենց նախագծերից, կարող են աշխատել նաև ընկերների կողմից համակարգվող նախագծերում: Եվ ստացվում է, որ սովորողն իր ընտրությամբ և ցանկությամբ ընդգրկվում է լեզվական և գրական տարբեր գործունեություններում: Իհարկե կան նաև սովորողներ, ովքեր իրենք առանձին նախագիծ չեն ներկայացնում, բայց մասնակցում են իրենց ընկերների համակարգած նախագծերին:

  • Բլոգային ուսուցման առավելությունները

Բլոգավարությունը մանկավարժական տեսանկյունից մի քանի առավելություն ունի.

Բլոգը էլեկտրոնային պահոցտարածք է

Բլոգը սովորողների և դասավանդողների համար իրենց պատրաստած, թարգմանած, երբեմն նաև ժողոված մեդիանյութերի, համացանցային ռեսուրսների, մեդիափաթեթների, ձայնագրքերի, տեսահղումների, տեսագրքերի, տարատեսակ էլեկտրոնային հղումների, հարցաշարերի պահոց-տարածք է:

Բլոգը էլեկտրոնային ուսումնական նյութերը, ինչպես նաև ուսուցչի մանկավարժական գործընթացը համակարգող գործիք է

Բլոգը նաև շատ արդյունավետ համակարգող գործիք է, որն օգնում է աշխատանքը դարձնել էլ ավելի ստեղծական և տեսանելի գործընթաց. ցանկացած պահի կարող ենք բացել ծրագրերը, դիտարկել ինչպես հաջողությունները, անպես էլ դժվարություններն ու խնդիրները: Այն նաև շատ հարմար է դասի պլանները, ուսումնական նյութերը զետեղելու համար:

Բլոգը սովորողի ուսումնառության և աճի շարունակական դիտարկման գործիք է

Բլոգի նյութերի ուսումնասիրությունը տեսանելի է դարձնում տարբեր ուսումնական առարկաներից սովորողի գիտելիքների և կարողությունների զարգացումը ուսումնառության տարիների ընթացքում: Այս զարգացումը ակնհայտ է, օրինակ, Գոհար Գաբրիելյանի բլոգում:

Բլոգը անհատականածված ուսուցման արդյունավետ գործիք է

Ուսումնական բլոգի օգնությամբ իրական ու շոշափելի է դառնում անհատականացված ուսուցումը:

Բլոգն ապահովում է.
Ուսումնական նյութի հասանելիություն

 Անկախ այն բանից, թե մարդը որտեղ է գտնվում, նրան միշտ հասանելի է բլոգում տեղադրված նյութը՝ դասավանդողի հանձնարարություն, թե սովորողի կատարած առաջադրանք: Սա թույլ է տալիս սովորողներին ու դասավանդողներին իրենց աշխատանքը կատարել որտեղ ասես՝ տանը, դրսում, ժամանցի որևէ վայրում…

Ուսումնական նյութերի համակարգվածություն:
Մեդիաուսուցման պայմաններում սովորող թե դասավանդող ստեղծում են տասնյակ նյութեր, որոնց մեջ, իհարկե, լինում են չհաջողվածներ, բայց ստեղծված նյութերի մեծ մասը հետաքրքիր են, օգտակար, ուսանելի և անհրաժեշտ է դրանք պահել՝ հետագայում օգտագործելու նպատակով: Ուստի կարևոր է դառնում այս նյութերի որտեղ և ինչպես պահելու հարցը: Բլոգն այս հարցում կարող է շատ լավ օգնական լինել, որովհետև թույլ է տալիս ոչ միայն իր մեդիատարածքում հարյուրավոր նյութեր պահել, այլև հնարավորություն է ընձեռնում դրանք դասավորել, համակարգել և ներկայացնել: Այդ կերպ հեշտացնելով այս կամ այն նյութը գտնելու գործը:

Ուսումնական նյութի ընտրության անսահմանափակ հնարավորություն:
 Ի տարբերություն հանրակրթական դպրոցների, որտեղ ուսուցման ընթացքում օգտագործվող նյութերի մեծ մասը տպագիր է և այդ կերպ՝ սահմանափակ, մեր կրթահամալիրում մենք ունենք ուսումնական նյութեր ընտրելու և օգտագործելու անսպառ հնարավորություն: Այս նյութերը ոչ միայն վերցվում են համացանցից, մեդիագրադարանից, մեր դասավանդողների, սովորողների բլոգներից, կրթահամալիրում ստեղծված և ստեղծվող ամսագրերից, այլև թարգմանվում են դասավանդողի և սովորողների կողմից, շատ հաճախ նաև ուսումնական նյութեր ստեղծում են դասավանդողները՝ ելնելով ուսուցանվող նյութի բովանդակությունից և սովորողների գիտելիքներից ու կարողնություններից:

Փորձի փոխանակման հնարավորություն:

Ի տարբերություն հանրակրթական դպրոցների, որտեղ դասավանդողի ստեղծած նյութերը մնում են թղթի վրա և կարող են հասանելի լինել միայն սահմանափակ թվով մարդկանց, մեր կրթահամալիրում բլոգի միջոցով այն, ինչ ստեղծվում է, մշակվում կամ հավաքագրվում, հասանելի է բոլորին՝ կրթահամալիրում աշխատող դասավանդող, թե այլ դպրոցի ուսուցիչ:

Բաց և թափանցիկ ուսուցում:

Դասավանդողն իր ծրագրերը, նախագծերը, առաջադրանքները, հանձնարարությունները և ուսուցման արդյունքները տեղադրում է բլոգում: Այդ կերպ հնարավորություն տալով ցանկացած մեկին, ով հետաքրքրվում է կրթահամալիրում կամ տվյալ դասավանդողի կողմից իրականացվող ուսումնական գործունեությամբ, ցանկացած պահի մտնել համապատասխան բլոգը և կատարել ուսումնասիրություն: Նման ուսումնասիրություն կարող է կատարել և նախարարության աշխատակիցը, և կրթահամալիրի վարչական անդամը, և ծնողը, և բնագավառով հետաքրքրվող ցանկացած մարդ՝ խուսափելով ավելորդ լարումից և հնարավոր կեղծիքից (պայմանավորված լավը երևալու անհրաժեշտությամբ):

Օբյեկտիվ գնահատման հնարավորություն:
Ելնելով այն հանգամանքից, որ կրթահամալիրում իրականացվող ցանկացած դասընթացի  ողջ ընթացքը տեսանելի է բլոգում, ուստի դյուրին է այս կամ այն դասավանդողի, սովորողի բլոգը մտնելով՝ գնահատել նրա գործունեությունը՝ գրանցելով կատարած աշխատանքը, բացթողումները:

Դասավանդողի բլոգը՝ որպես ուսուցման և շարունակական ուսումնառության ու մասնագիտական ինքնազարգացման գործիք

  • Անհատականացված ուսուցում

Դասավանդողի բլոգը հնարավորություն է տալիս ստեղծել և միաժամանակ սովորողներին ամենուր հասանելի դարձնել ուսումնական նյութերը կամ հղումներն ու տեսահղումները ինչպես դպրոցում, այնպես էլ տանը:

Իմ բլոգում հրապարակում եմ օրվա համար առաջարկվող աշխատանքների մի քանի տարբերակ, որոնցից սովորողը կարող է ընտրել իր ուժերին կամ հետաքրքրություններին առավել համապատասխանողը, ինչը հնարավորություն է տալիս անհատականացնել ուսուցումը։

Ընդ որում, սովորողը կարող է կատարել առաջադրանքը ինչպես ուսումնական պարապմունքի ժամանակ, այնպես էլ տանը:

  • Բաց, թափանցիկ ուսումնական գործընթաց

Բլոգը բաց, թափանցիկ ուսումնական գործընթացի կազմակերպման, ինչպես նաև սովորողի և դասավանդողի աշխատաքային փորձի փոխանակման գործիք է

Բլոգի շնորհիվ ուսումնական գործընթացը դառնում է ոչ միայն ստեղծական, այլ նաև բաց, քանի որ աշխատանքի արդյունքները հասանելի դառնում ոչ միայն ուսուցիչներին ու ծնողներին, այլև՝ընկերներին:

  • Ինքնաարտահայտման, ինքնադրսևորման հնարավորություն

Բլոգը ինքնաարտահայտման լայն հնարավորություններ է տալիս թե՛ սովորողին և թե՛ դասավանդողին։ Բլոգավարության ընթացքում շատ կարևոր է սովորողների ներուժն օգտագործելը: Սովորողները սիրում են աշխատել բլոգներով, նրանց գրավում է բլոգի ընձեռած ինքնարտահայտման հնարավորությունը: Սովորողները, ովքեր արագ տիրապետում են ՏՀՏ հմտություններին, հաճախ դառնում են նաև դասավանդողների խորհրդատուները:

  • Ուսուցման գործընթացը վերահսկելու հնարավորություն

Դասավանդողի բլոգը դառնում է գլխավոր բլոգ` սովորողների բլոգները աշխատեցնող գլխավոր շարժիչ ուժը: Իսկ սովորողների բլոգները հնարավորություն են տալիս վերահսկել ուսուցման գործընթացը և ստեղծել հարթակ` մտքերն ու զգացմունքները, կարծիքները հրապարակելու համար: Յուրաքանչյուր առաջադրանք կատարելուց հետո սովորողն արտահայտում է իր կարծիքը, տեսակետը

  • Սովորող-դասավանդող-դպրոց-ծնող կապն ապահովող հարթակ

Բլոգն աստիճանաբար դառնում է ոչ միայն սովորողների և գործընկերների, այլև ծնողների համար հետադարձ կապ ապահովող օղակ, հարթակ։ Ընդ որում, այդ կապն արագ է, դինամիկ, արդյունավետ։ Այն հնարավորություն է տալիս, որ մեր սովորողների համայնքն ընդլայնվի՝ ներառելով նաև ընտանիքի անդամներին, հաճախ, ինչու չէ, նաև կողմնակի մարդկանց, ովքեր բլոգի բաց հարթակի շնորհիվ կարողանում են կարդալ նյութերը աջակից դառնալ մեր համատեղ ուսումնառությանը։

Դպրոցական կայքը և ուսումնական բլոգները թե′ դասավանդողին, և թե′ սովորողին հնարավորություն են տալիս բովանդակության սպառողից դառնալ բովանդակության ստեղծող

Ահա մի քանի օրինակ՝

Առաջին դասարանցիների «English at Home» նախագիծը:

2-րդ դասարանցիների «I can – ես կարողանում եմ» նախագիծը:

5-րդ դասարանցիների «Հովհ. Թումանյանի հեքիաթները անգլերեն» և «My Info Planet» նախագծերը:

«Դպիր» մանկավարժական էլեկտրոնային հանդեսի անգլերեն էջը

Ուսումնական բլոգը հեռավար ուսուցման արդյունավետ գործիք է
Կրթահամալիրը հեռավար ուսուցում է կազմակերպել այն սովորողների համար, ովքեր իրենց ընտանիքների հետ ժամանակավորապես բնակվում են արտերկրում, կամ էլ ընտանեկան տարբեր պատճառներով չեն կարողանում մասնակցել առկա ուսուցմանը:

Ներկայաղցվում է անգլերենի դաս-առաջադրանքների հղումներով փաթեթըը Միջին և Ավագ դպրոցների հեռավար ուսումնառությամբ սովորողների համար:

Ուսումնական բլոգների, նախագծային ուսուցման, անհատական համակարգիչների կիրառման շնորհիվ իրականացվում է անգլերենի արդյունավետ ուսուցում միևնույն դասարանում սովորող, բայց տարբեր նախնական գիտելիքներ և լեզվական կարողություններ ունեցող սովորողների համար

Յուրաքանչյուր սովորող աշխատում է իր համակարգիչով իր կարողություններին համապատասխան նյութի վրա՝ իր ընդունակություններին, նյութի ընկալման միայն իրեն համապատասխան ժամանակում: Գրեթե չեն լսվում  ուսուցչի՝ բոլոր սովորողներին ուղղված խոսքն ու հարցերը: Գրեթե չեն երևում հարցերին պատասխանող արագ մտածող սովորողների միևնույն ձեռքերը: Ամենացածր ու ամենաբարձր ակադեմիական ընդունակություններով օժտված սովորողները միևնույն չափով զբաղված ու կարևորված են զգում իրենց ուսումնական պարապմունքի ընթացքում:

Եզրակացություն

Այսօր դժվար է պատկերացնել մեր կրթական առօրյան առանց  բլոգների և բլոգային ուսուցման: Ավելին` այն ոչ միայն կրթական գործի կազմակերպիչ է դարձել, այլև իր ուրույն և անփոխարինելի տեղն է զբաղեցնում ինքնակրթության մեջ;Բլոգը շատ արդյունավետ համակարգող գործիք է, որն օգնում է աշխատանքը դարձնել էլ ավելի ստեղծական և տեսանելի գործընթաց. ցանկացած պահի կարող ենք բացել ծրագրերը, դիտարկել ինչպես հաջողությունները, անպես էլ դժվարություններն ու խնդիրները: Այն նաև շատ հարմար է դասի պլանները, ուսումնական նյութերը զետեղելու համար:
Ուսումնական բլոգը առցանց ուսուցման արդյունավետ գործիք է, մանկավարժական ֆորումների, առցանց քննարկումների արդյունավետ հարթակ, հանրակրթական հաստատությունների փակ համակարգից անցում դեպի բաց համակարգ

Ուսումնական բլոգի օգնությամբ իրական ու շոշափելի է դառնում անհատականացված ուսուցումը: Դպրոցական կայքը և ուսումնական բլոգները թե՛ դասավանդողին և թե՛ սովորողին հնարավորություն են տալիս բովանդակության սպառողից դառնալ բովանդակության ստեղծող:
Բլոգն աստիճանաբար դառնում է ոչ միայն սովորողների և գործընկերների, այլև ծնողների համար հետադարձ կապ ապահովող օղակ, հարթակ։ Ընդ որում, այդ կապն արագ է, դինամիկ, արդյունավետ։ Այն հնարավորություն է տալիս, որ մեր սովորողների համայնքն ընդլայնվի՝ ներառելով նաև ընտանիքի անդամներին, հաճախ, ինչու չէ, նաև կողմնակի մարդկանց, ովքեր բլոգի բաց հարթակի շնորհիվ կարողանում են կարդալ նյութերը աջակից դառնալ մեր համատեղ ուսումնառությանը։

Օգտագործված էլեկտրոնային և տպագիր գրականության ցանկ

Մ.Գ. Աստվածատրյան, Գ.Հ. Թերզյան –ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ  ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ, ՀՊՄՀ, 2015 Երևան

Մ.Գ. Աստվածատրյան, Գ.Հ. Թերզյան և ուրիշներ – Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը հանրակրթական դպրոցում, «Ասողիկ» հրատարակչություն, Երեւան 2004

«Դպիր» մանկավարժական էլեկտրոնային հանդես

Leave a comment